26 փետրվարի 2019 - 13:54 AMT
Կիմ Չեն Ինը զրահապատ գնացքով է ժամանել Վիետնամ՝ Թրամփի հետ հանդիպման

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Վիետնամի Դոնգդանգ քաղաքը Չինաստանի հետ սահմանին, որտեղից կմեկնի Հանոյ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման: Երկրորդ միջուկային գագաթնաժողովը, որի հիմնական թեման լինելու է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացումը, կանցնի փետրվարի 27-28-ին:

Փետրվարի 26-ին Վիետնամ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Հյուսիսային Կորեայից վիետնամական Դոնգդանգ Կիմ Չեն Ինն իր զրահապատ գնացքով է ժամանել, հավանաբար, մոտ 60 ժամ անցկացնելով ճանապարհին, գրում է «Վեդոմոստին:

Թրամփի հետ առաջին հանդիպմանը Սինգապուրում Կիմ Չեն Ինը ժամանել էր ինքնաթիռով:

Դոնգդանգում հանդիսավոր դիմավորման արարողությունից հետո Կիմ Չեն Ինը նստել է Mercedes, որով էլ կհասնի Հանոյ՝ հաղթահարելով մոտ 170 կմ:

Կիմ Չեն Ինի և Թրամփի առաջին կարճ հանդիպումը Հանոյում տեղի կունենա փետրվարի 27-ին, որից հետո երկու նախագահները կմեկնեն «սոցիալական ընթրիքի», որտեղ նրանց կուղեկցեն նաև թարգմանիչներ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը: Հաջորդ օրը կլինեն հիմնական հանդիպումները՝ հնարավոր է, առնվազն 5 հանդիպում 2 օրում: