23 հուլիսի 2008 - 15:29 AMT
Հայաստանն ու ԿԺԴՀ-ն մտադիր են զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-կորեական հարաբերություններում առաջընթաց կարձանագրվի:

Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու եւ առկա ներուժն առավելագույնս օգտագործելու կողմերի պատրաստակամությունը:

Դեսպան Կիմ Էն Դժեյն ասել է, որ ջանքերը կենտրոնացնելու է տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ նա ըստ ամենայնի աջակցություն կստանա Հայաստանում իր աշխատանքի ընթացքում: