27 փետրվարի 2019 - 15:01 AMT
Գերեվարված Կարեն Ղազարյանին Ադրբեջանում 20 տարով ազատազրկել են

ՀՀ Բերդավան գյուղի գերեվարված բնակիչ Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Դատավճիռը կայացվել է փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում, հայտնում է ադրբեջանական Report.az-ը:

Ղազարյանը դատապարտվել է «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար» մեղադրանքով:

Նշվում է, որ նա «պատիժը կրելու է խիստ ռեժիմով կալանավայրում»:

Կարեն Ղարայանին մեղադրանք է ներկայացվել հետևյալ հոդվածներով. «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում», «Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ», «Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ», «Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Ավելի վաղ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին, ասել էր.«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է:

Ընթերցեք նաև.Մնացականյանը ՄԻԵԴ նախագահին է ներկայացրել Ադրբեջանում Կարեն Ղազարյանի դեմ դատական գործընթացը