27 փետրվարի 2019 - 15:28 AMT
Փաշինյանը՝ Ռոհանիին. Ներհայաստանյան գործընթացում որևէ արտաքին ուժ ներգրավված չէր

Իրանը մշտապես ցանկանում է Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ թագավորական «Սաադաբադ» պալատում ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանն իր հերթին նշել է, որ ներհայաստանյան գործընթացներում որևէ արտաքին ուժ ներգրավված չի եղել:

Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:

Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել: Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռոհանիին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ հավելելով. «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխահագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով, և բազմիցս առիթ ունեցել ենք ընդգծել դրանց կարևորությունը: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել, և մենք ունենք քաղաքական կամք դրանք իրացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իրան է այցելում երրորդ անգամ` առաջինը տեղի է ունեցել որպես լրագրող, երկրորդը` որպես պատգամավոր, երրորդը` որպես վարչապետ: Նիկոլ Փաշինյանը նշել է Իրանում տեղի հայության նկատմամբ առկա ջերմ վերաբերմունքի փաստը: «Դա ևս ամրապնդում է մեր բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Մեր առանձնազրույցի ընթացքում քննարկեցինք կարևոր հարցեր, հույս ունեմ, որ այս այցի ընթացքում այդ հարցերի մի մասի լուծումներին կկարողանանք հասնել»,- ասել է վարչապետը:

Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլև կընդլայնեն ու կխորացնեն:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին կարևորել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու պայմանավորվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա ամռանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության խթանմանն ու Հայաստանից Իրան մսամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մասնավորապես, դեղագործության, զբոսաշրջության, բնապահպանության և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ:

Հանդիպման ավարտին երկու երկրների առաջնորդները հանձնարարել են Հայաստանի և Իրանի կառավարությունների պատասխանատուներին` ըստ ոլորտների շարունակել ակտիվ քննարկումները` մինչև միջկառավարական գալիք նիստը դրանք կոնկրետ պայմանավորվածությունների վերածելու նպատակով:

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: