27 փետրվարի 2019 - 17:06 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Վրդովված ենք ռուս պատգամավորների մասնակցությամբ Բաքվում հակահայկական երթին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայկական կողմի վրդովմունքն է հայտնել «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով որոշ ռուս պատգամավորների մասնակցությունը Բաքվում կայացած հակահայկական երթին:

Փետրվարի 26-ին Բաքվում երթ է տեղի ունեցել՝ նվիրված «Խոջալուի ողբերգության տարելիցին», որը բացահայտ հակահայկական բնույթ է կրել:Մասնակցել են ռուսաստանցի դեպուտատներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Ժուռավլևը, Միխայիլ Եմելյանովը,Իրինա Ռոդնինան, որը նաև հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողոի անդամ է:

«Մենք վրդովված ենք ռուս խորհրդարանականների մասնակցությամբ Բաքվում կայացած երթին, որը բացահայտ հակահայկական բնույթ է կրել և օգտագործվել է խարխլելու համար վստահությունը տարածաշրջանում: Մեզ ամենևին հասկանալի չեն խորհրդարանականների շարժառիթները՝ ինչի հետ են նրանք համերաշխություն հայտնում Բաքվում և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին վերցրած պետության քարոզչական արշավի մաս են կազմում»,-ասել է դեսպանը:

Նա հավելել է, որ ինչպես նախկինում, այսօր էլ հայկական կողմը միտված է բարեկամական կամուրջներ հաստատելուն, անկեղծ ու դաշնակցային հարաբերություններին:

«Հուսով ենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը լավ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակը անվստահություն ու թերընկալում սերմանելն է»,-ասել է դեսպանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդում ունեցած ելույթում ևս անդրադարձել է Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստացի որոշ պատգամավորների մասնակցությանը: «Մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ դարձել են ցայտուն հակահայկական ակցիայի մասնակիցները Բաքվում, որն ուղղված էր տարածաշրջանում խաղաղության և կայունության դեմ: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձաժողովի անդամների մասնակցությունը վերահիշյալ միջոցառմանը»,-ասել է նա: