28 փետրվարի 2019 - 10:52 AMT
Իրանի խորհրդարանն ու ՀՀ ԱԺ-ն էլ ավելի կընդլայնեն գործակցությունը

Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված ՀՀ ԱԺ հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին պաշտնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նրա խոսքով` առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այս համատեքստում նշվել է ԵՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությունը և փաստաթղթի վավերացումը խորհրդարանների կողմից:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վերջին անգամ Իրանի Մեջլիսում եղել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում կատարած այցի շրջանակում, որից պահպանում է ջերմ և հաճելի հիշողություններ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում:

Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներից՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:Նա ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը: