23 հուլիսի 2008 - 17:29 AMT
Ղարաբաղը կայացած պետություն է, եւ այդ իրողությունը ընդունում են արտերկրի շատ պաշտոնյաներ եւ միջազգային կազմակերպություններ
Ներկայումս հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ ավելի շատ միջազգային ատյաններ են հակվում այն մտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները պետք է որոնել իրավա-քաղաքական հարթության վրա, ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարությունում նշվում է, որ «ԼՂՀ-ն անկախ արտաքին քաղաքականություն է վարում, հարաբերությունների մեջ է մտնում այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ, հանրապետության պաշտոնական ներկայացուցիչները մասնակցում են միջազգային եւ տարածաշրջանային խորհրդաժողովների աշխատանքներին:

Այսօր ԼՂՀ-ն դե-ֆակտո կայացած պետություն է, եւ այդ իրողությունը ընդունում են արտերկրի շատ պաշտոնյաներ, քաղաքագետներ, փորձագետներ, միջազգային կազմակերպություններ: 2005թ. սեպտեմբերին ԱՄՆ 60 կոնգրեսականներ ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որտեղ մասնավորապես նշվել է.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միանգամայն համապատասխանում է պետականության միջազգային չափանիշներին: Իր անկախության 14 տարիներին Լեռնային Ղարաբաղը ապացուցել է, որ կարող է լինել միջազգային հանրության հուսալի գործընկեր»:

ԼՂՀ-ն այսօր աշխարհի առաջատար երկրներում եւ տարածաշրջաններում ունի իր մշտական ներկայացուցչությունները, որոնց միջոցով իրականացվում է մեր հանրապետության կապը այլ պետությունների հետ: Քաղաքական գործառույթներից բացի մշտական ներկայացուցչությունները օժանդակում են ԼՂՀ տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը, Սփյուռքի հետ կապերի հաստատմանն ու ընդլայմանը, Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Հյուպատոսական ծառայությունները պաշտպանում են ԼՂՀ քաղաքացիների շահերն արտասահմանում:

ԱԳՆ կենտրոնական ապարատը եւ արտերկրում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունները շարունակում են ջանքերը Լեռնային Ղարաբաղի իրական կերպարը ներկայացնելու ուղղությամբ: Մի երկիր, որտեղ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները անկյունաքարային են համարվում լիարժեք պետության կայացման ճանապարհին:

Այս կապակցությամբ ուշադրության է արժանի ԼՂՀ ԱԳՆ աշխատանքը խորհրդարանական եւ նախագահական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, մասնավորապես, դրանցում միջազգային դիտորդների մասնակցությունն ապահովելու առումով: Բացի այդ, ԱԳՆ-ն անմիջականորեն ներգրավված է ԼՂՀ-ում ժողովրդավարական օրենսդրական դաշտի ստեղծման գործընթացում:

Անկախության տարիները նշանավորվել են երկրի կյանքում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումով: Մեզ ուրախացնում է ոչ կառավարական հատվածի զարգացումը: Այս ուղղությամբ դրական գործունեության մասին են վկայում մարդու իրավունքների գծով միջազգային կազմակերպությունների զեկույցները Լեռնային Ղարաբաղի մասին, ինչպես նաեւ միջազգային դիտորդների հաշվետվությունները:

Արտաքին գործերի նախարարությունը աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ-ում հավատարմագրված ավելի քան 10 միջազգային կազմակերպությունների: Ներկայումս ԱԳՆ-ն աշխատում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԿԽՄԿ-ն, The HALO Trust-ը եւ ուրիշներ:

Մենք ապրում ենք մեր ժողովրդի բազմադարյան պատմության պատասխանատու շրջաններից մեկը: Լեռնային Ղարաբաղի դիվանագիտությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի ժամանակի գերակայություններին եւ մարտահրավերներին: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով, այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության իրավունքը:

Այդ մեր ժողովրդի կամքն է եւ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը»: