28 փետրվարի 2019 - 12:34 AMT
Բակո Սահակյանը հարգել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

Սումգայիթի ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարգել է անմեղ զոհերի հիշատակը:

Փետրվարի 28-ին նա Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 30կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքի հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվել է կոտորած և բռնի տեղահանություն։ Նախապես ծրագրված վայրագություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, մեծ մասամբ՝ կանայք, երեխաներ և ծերեր, հազարավոր հայեր զանգվածային բռնություններով տեղահանվել են, իսկ նրանց պատկանող գույքը՝ հափշտակվել։