28 փետրվարի 2019 - 16:01 AMT
Կարասին. Վրաստանը նպաստում է, որ ՀՀ-ն մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Ռուսաստանը մտահոգված է մարտին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը՝ հավելելով, որ, դա առաել ևս մտահոգիչ է, քանի որ Վրաստանը նպաստում է Հայաստանի մասնակցությանը զորավարժություններին:

Փետրվարի 27-ին Պրահայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը:

Հանդիպումից առաջ Կարասինն ասել էր, որ «մտադիր է զգուշացնել վրաց գործընկերներին հնարավոր անակնկալների մասին, որոնք հաճելի չեն լինի երկու երկրների համար», հայտնում է «Կոմերսանտը»:

«Մենք ձգտում ենք հորդորել Վրաստանին, որ մեր հարաբերություններում տհաճ անակնկալներ չլինեն: Բանն այն է, որ Վրաստանի արատքին քաղաքականության մեջ գնալով ավելի է ակտիվանում ՆԱՏՕ-ի հետ կապված օրակարգը: Բավականին հաճախ այնտեղ ՆԱՏՕ-ի ծավալուն զորավարժություններ են անցկացվում, ընդ որում Վրաստանը նպաստում է, որ դրանց մասնացեն նաև տարածաշրջանի մյուս երկրները, օրինակ, Հայաստանը»,-ասել է Կարասինը հանդիպումից հետո:

Նա հավելել է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները չեն նպաստի կայունությանն ու վստահության ամրապդնմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

«Թբիլիսին պետք է կողմնորոշվի՝ կամ նրանք ընտրում են Հարավային Կովկասում տարածաշրջանային բարենպաստ մթնոլոտի ստեղծումը, կամ՝ եվրաատլանտյան օրակարգը: «Միաժամանակ երկուսն անելը բարդ է և հղի է ամենալուրջ հետևանքներով: Հասկանալի է, որ եթե ՆԱՏՕ-ն ռազմական ակտիվություն ծավալի Հարավային Կովկսաում, վաղ թե ուշ դա խնդիրներ է առաջացնելու: Մենք հիշում ենք, թե ինչից սկսվեցին ուկրաինական խնդիրները: Դա նույն հարցադրումն է»,-ասել է Կարասինը:

2018-ի օգոստոսի 1-15-ը Վրաստանում անցկացվող «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը մասնակցել է ՀՀ ԶՈւ 4 սպայից բաղկացած խումբը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության հայտարարություն էր տարածել, որ զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այդ առնչությամբ հայտարարել էր, որ Մոսկվան ափսոսում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններում տարբեր պատրվակներով ներգրավված են նաև Վրաստանի հարևան երկրները: