Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի՝ Բաքվում Խոջալուի իրադարձություններին նվիրված երթին ՌԴ խորհրդարանական պատվիրակության մասնակցության մասին հարցին, ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ միջոցառման համակազմակերպիչը չի եղել:
«Ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հարցնեիք, թե ինչպես են իրենք ինքնակազմակերպվել։ ՌԴ ԱԳՆ-ն այդ միջոցառման համակազմակերպիչ չի եղել», - ասել է Զախարովան՝ հորդորելով դիմել երթի մասնակիցներին և անձամբ նրանց ուղղել բոլոր հարցերը։
Նա նշել է նաև, որ ՌԴ-ն «մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:
«Արցախյան հակամարտությունը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան և տառապանքի պատճառ է դարձել՝ և ադրբեջանցիների, և հայերի։ Ռուսաստանը միշտ այն մեծ ողբերգություն է համարել և շարունակում է համարել։ Ինձ թվում է, որ սա հայտնի դիրքորոշում է, սակայն ես կցանկանայի այն վերահաստատել», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է Սումգայիթյան ջարդերի տարելիցին, Արցախյան հիմնահարցին և վերջերս Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստացի որոշ պատգամավորների մասնակցությանը: