1 մարտի 2019 - 13:36 AMT
Վարչապետի խոսնակ. Ապրիլին ՀՀ-Իրան-Վրաստան-ՌԴ հանդիպում է նախատեսվում

Իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ: Այդ մասին լրագրողներին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպել Թեհրանում», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:Իրանի թագավորական «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի ծավալների մեծացման հարցը:«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման գործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,-ասել է Փաշինյանը: