4 մարտի 2019 - 16:22 AMT
Հայ սակրավորները սկսել են ականազերծումը Հալեպում

Հայ սակրավորները սկսել են ականազերծումը Սիրիայի Հալեպ գավառում: Պաշտոնական Դամասկոսն ու Երևանը համաձայնագիրը կնքել են փետրվարի կեսին՝ մի քանի օր անց ՀՀ ՊՆ 83 հոգանոց խումբը գործուղվել է Հալեպ:

Հալեպի արվարձանում գտնվող Ալ Հուսեյնիա բնակավայրը ռիսկային է երկրագործության համար՝ այստեղ ամեն ինչ ականապատված է, հայտնում է Ren.tv-ին:

Մարտերն այդ բնակավայրում ավարտվել են 8 ամիս առաջ: Ականապատման քարտեզներ չկան՝ գրոհայինները դրանք հաճախ չեն էլ կազմել, ուստի հարկ է լինում ստուգել ամեն ինչ: Աշխատանքի ծավալները հսկայական են և, հավանաբար, տևական ժամանակ կպահանջեն:

«Ահա սրանք՝ 1,2,3,4,5...սրանք ականներ են, որոնք հայտնաբերումից հետո վնասազերծվել են, իսկ հետագայում տեղում կոչնչացվեն»,-ասել է ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնի ներկայացուցիչ Արթուր Բլբուլյանը:

Ականազերծողները սարքավորումները ստացել են արդեն տեղում: Նրանց անվտանգությունն ապահովում է ՌԴ ռազմական ոստիկանությունը:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: