5 մարտի 2019 - 09:23 AMT
Վարչապետ․ ՀՀ-ն իր սակավ ռեսուրսներով կանխում է նոր ռազմական գործողությունները Հվ․ Կովկասում

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհրդարան․ նրան դիմավորել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաշինյանը հանդես է եկել ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին։

«Հարավային Կովկասում դեռևս հարատևող աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում մեզ: Դրանք լրջորեն խաթարում են մեր բարեփոխումների ներուժը: Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի և տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի հակառակորդ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում:

«Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը և կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը», - ընդգծել է վարչապետը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի։

«Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ:Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատև լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան: Ես Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չեմ կարող ներկայացնել: Որպես վարչապետ, ես միայն ունեմ Հայաստանի քաղաքացիների մանդատը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության, ովքեր ունեն սեփական սահմանադրություն և ձևավորում են իրենց սեփական կառավարությունը: Ինձ համար ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը», - ասել է վարչապետը։:

Փաշինյանը նաև կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրոպական միության կառուցողական եւ հավասարակշռված մոտեցումը: Մեր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը: