5 մարտի 2019 - 10:51 AMT
ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում 2 հարց է

Մարտի 5-ին մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական քառօրյան: Օրակարգում ընդգրկված է 2 հարց:

Օրակարգում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը, ինչպես նաև «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձել է այն քննադատություններին, որ այս նստաշրջանի օրակարգը հագեցած չէ, հայտնում է Panorama.am-ը։

Դա, ըստ նրա, օբյեկտիվ պատճառներ ունի։ «Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, որից հետո մինչև այս փուլին հասնելը ԱԺ-ն ունենում էր երկու-երեք ամիս ժամանակ, և այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո, բնականաբար, մեծ ժամանակահատված չի եղել»,- նշել է ԱԺ նախագահը։

Նա նաև ասել է, որ բազմաթիվ նախագծեր կան, որոնք քննարկման տարբեր փուլում են. «Վստահեցնում եմ, որ շուտով կունենանք հագեցած օրակարգ»։