6 մարտի 2019 - 14:48 AMT
ՄԱԿ. Հյուսիսային Կորեայի բնակչության մոտ կեսը տառապում է սովից

ՄԱԿ-ը տագնապ է հնչեցնում Հյուսիսային Կորեայում վերջին 10 տարում ամենացածր բերքի և սննդամթերքի պակասի վերաբերյալ: 2018-ին բերքը Հյուսիսային Կորեայում նվազել է 500,000 տոննայով եղանակային վատ պայմանների, գյուղատնտեսական հողերի նվազման և անարդյունավետ կառավարման պատճառով:

Արդյունքում, ջրի և սննդամթերքի պակասից տառապող հյուսիսկորեացիների քանակը հասել է 10,9 մլն, ինչը կազմում է բնակչության մոտ 43%-ը, ասվում է ՄԱԿ զեկույցում, որը հրապարակվել է մարտի 6-ին:

Հյուսիսային Կորեայի գծով ՄԱԿ համակարգող Տապան Միշրան կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ հավաքագրել՝ Հյուսիսային Կորեա կրիտիկական նշանակության հումանիտար օգնություն ուղարկելու համար: Նա նշել է, որ 2018-ին օժանդակության ֆինանսավորումը հաջողվել է ապահովել միայն քառորդով:

Մինչդեռ, Հյուսիսային Կորեան, հավանաբար, վերականգնել է Սոխեի հրթիռային փորձադաշտի մի մասը, որն ապամոնտաժվել էր 2018-ի օգոստոսին՝ Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումից հետո: Հարավկորեական հատուկ ծառայություններն ու ամերիկացի փորձագետները մարտի 5-ին հայտնել են, որ այդ օբյեկտում վերականգնողական աշխատանքներ են տարվում: