6 մարտի 2019 - 15:34 AMT
Փաշինյան. Հայաստանի գործողությունները միանգամայն թափանցիկ են ռուս գործընկերների համար

Հայաստանի գործողությունները միանգամայն թափանցիկ են ռուս գործընկերների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Բրյուսել իր այցին, որտեղ քննարկվել է ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը:

Փաշինյանը նշել է նաև, որ հայկական կողմի համար չափազանց կարևոր է, որ Ռուսաստանում հանրության բոլոր շերտերը ճիշտ ընկալեն Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխությունը, դրա պատճառները: «Ցավոք, մինչ օրս ռուսական որոշ փորձագիտական շրջանակներ փորձում են հայաստանյան իրադարձությունները ներկայացնել որպես գունավոր հեղափոխությունների շարքին դասվող: Սակայն մեզ համար շատ կարևոր է, որ մեր ռուս բարեկամները և գործընկերները հասկանան, որ կատարվածը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ և գործընթացում ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել: Դա ազգային արժանապատվության և անձամբ իմ արժանապատվության հարց է: Նման մեկնաբանությունները՝ թե հայ ժողովրդին ինչ-որ մեկն օգտագործել է իր աշխարհաքաղաքական նպատակների համար, վիրավորական են մեզ համար: Հայաստանը անկախ երկիր է, անկախ ազգ արժանապատվության բարձր զգացումով»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է նաև, որ Հայաստանի համար կարևոր է հուսալի գործընկեր լինել: «Եվ մենք հուսալի գործընկեր կլինենք բոլոր նրանց համար, ում ինքներս համարում ենք հուսալի գործընկեր, այստեղ կասկած լինել չի կարող: Իսկ ով հուսալի չէ, մենք պետք է գնահատենք՝ պե՞տք է արդյոք նրանց համարել գործընկեր»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է նաև, որ ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են: Նա հուսով է, որ 2019-ին կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ՌԴ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵՏՄ համար: