6 մարտի 2019 - 18:33 AMT
Փաշինյան. Չկա դեպք, երբ նվիրաբերությունից հետո քրհետապնդումից ազատվել են

ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մի շարք քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց նվիրաբերությունների թեմային:

Նա նշել է, որ հայտնի չէ որևէ դեպք, երբ ինչ-որ մեկը պետությանը նվիրաբերություն է արել և դրա դիմաց ազատվել է քրեական հետապնդումից:

«Որևէ կուլիսային պայմանավորվածություն չկա: Աշխարհի բոլոր իրավական երկրներում, երբ մեղադրյալը վերադրաձնում է պատճառված վնասը, դիտարկվում է մեղմացուցիչ հանգամանք. դա այդպես է նաև ՀՀ քրեական դատավարության օրենքով», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրաբերելու մասին իր հայտարարությանը, Փաշինյանն ասել է, որ քրեական գործի շրջանակում պետությունը չի ընդունել այդ գույքը:

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է վերադարձրել $30 մլն: