11 մարտի 2019 - 11:07 AMT
Ethiopian Airlines-ը ժամանակավոր դադարեցրել է Boeing 737 MAX 8-ի թռիչքները վթարից հետո

Ethiopian Airlines ավիաընկերությունը ժամանակավոր դադարեցրել է Boeing 737 MAX 8 մոդելի ինքնաթիռներով թռիչքներն ավիավթարից հետո, որը 157 մարդու կյանք է խլել: Այդ մասին հայտնել է ընկերությունը մարտի 11-ին Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ողբերգական պատահարից հետո Ethiopian Airlines ավիաընկերությունը որոշել է կասեցնել բոլոր Boeing 737 MAX 8-ի թռիչքները՝ սկսած 2019-ի մարտի 10-ից մինչև նոր իրազեկում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տվյալ պահին ավիավթարի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն ընկերությունը դիմել է այդ քայլին «որպես զգուշավորության լրացուցիչ միջոցի», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ethiopian Airlines ավիաընկերությունը նոր Boeing 737 MAX 8-ը ստացել էր մի քանի ամիս առաջ: Ինքնաթիռը կատարում էր Ադիս Աբեբա-Նայրոբի չվերթը: Ինքնաթիռն անհետացել է ռադարներից թռիչքից ընդամենը 6 րոպե անց: Ինքնաթիռում 149 ուղևոր է եղել և անձնակազմի 8 անդամ՝ 33 երկրի քաղաքացիներ:

Վթարի պատճառների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: