11 մարտի 2019 - 12:43 AMT
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստան կժամանեն

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողները կժամանեն Հայաստան: Նրանք հանդիպումներ ու քննարկումներ կանցկացնեն մարտի 12-14-ը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԵԽԽՎ-ում «ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների գնահատման» հարցի շուրջ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը Երևան կժամանեն փաստահավաք այցով:

«Քննարկումների շրջանակում առանցքային կլինեն վերջին ներքաղաքական զարգացումները և նոր ձևավորված կառավարության գերակայությունները, ինչպես նաև ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումները:

Համազեկուցողները նախատեսում են ունենալ հանդիպումներ Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաև Արտաքին գործերի, Արդարադատության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ: Հանդիպումներ են նախատեսված Գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հատուկ քննչական ծառայության պետի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ ԱԺ-ում համազեկուցողները նախատեսում են հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պետաիրավական մշտական հանձնաժողովների նախագահների հետ, ինչպես նաև այցի շրջանակներում նախատեսվում են անհատական հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: