11 մարտի 2019 - 14:25 AMT
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Արցախում. Կմասնակցի նաև ՀՀ վարչապետը

Մարտի 11-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է ԱՀ նախագահականի լրատվական ծառայությունը:

Մարտի 12-ին Արցախում կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ մանրամասներ նիստի, դրա օրակարգի վերաբերյալ հայտնի չեն:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման վերաբերյալ. նրանք նշել են, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ներառի տարածքների հանձնումը։ Համանախագահները կոչ են արել նաև ձեռնպահ մնալ «կրքեր բորբորքող հայտարարություններից»։

Ավելի ուշ արձագանքել է նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ ՀՀ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից: