12 մարտի 2019 - 10:30 AMT
ՄԻՊ-ը Ժնևում խոսել է Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությունից

Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ:

Արման Թաթոյանը Ժնևում Պատրիկ Վիալի հետ հանդիպմանը ներկայացրել է Կարեն Ղազարյանի ծնողների և փաստաբանի մտահոգությունները նրա առողջական վիճակի, ինչպես նաև անհրաժեշտ հատուկ խնամք և բուժում ստանալու վերաբերյալ։

Բարձրացվել է ընտանիքի անդամների հետ ձայնային կամ տեսաձայնային եղանակով հաղորդակցությունն ապահովելու վերաբերյալ ծնողների և փաստաբանի խնդրանքը, քանի որ Կարեն Ղազարյանի հետ հաղորդակցությունը ներկայումս իրականացվում է միայն թղթային նամակագրության միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս ծնողներին անմիջականորեն շփվելու իրենց որդու հետ։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձրացրել է նաև գլխավոր հարցը, որը վերաբերում է Կարեն Ղազարյանի վերադարձին՝ հաշվի առնելով, իհարկե, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ որպես անկախ և անկողմնակալ մարդասիրական կազմակերպություն, չի տանում կողմերի անունից բանակցություններ նմանատիպ հարցերով, այլ միայն ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն և իրականացնում է դրա կազմակերպական աշխատանքները։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները այս և մյուս հարցերով։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես էր եկել մեկնաբանությամբ Ադրբեջանում Կարեն Ղազարյանի ազատազրկման «վճռի» կայացման առնչությամբ՝ հայտարարելով, որ Հայաստանը հետևողական ջանքեր է գործադրելու իր քաղաքացու իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Ավելի վաղ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին, ասել էր.«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է: