12 մարտի 2019 - 10:52 AMT
Փաշինյանի խոսնակը հանդիպել է Պեսկովին, ապա՝ ՌԴ-ի որոշ ԶԼՄ-ների խմբագիրներին

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատոան ֆեյսբուքյան էջը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր երկու կողմի մամուլի ծառայությունների միջև գործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի:

Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: