12 մարտի 2019 - 10:49 AMT
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ. Հայաստանը դաշինքի կայուն և վստահելի գործընկերն է

Հայաստանը բարձր է գնահատում ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպմանը:

Ապատուրայը Հայաստան է ժամանել մարտի 11-15-ն անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում:

Ջեյմս Ապատուրայն իր հերթին նշել է, որ Հայաստանը դաշինքի կայուն և վստահելի գործընկերն է:

Զրուցակիցները կարևորել են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երևանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:Ջեյմս Ապատուրայը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներն անցկացնելու և դրա շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով անցկացնելու համար: