12 մարտի 2019 - 18:11 AMT
Դեսպան. ՀՀ-ում վերջին փոփոխություններից հետո բազմաթիվ ղազախ գործարարներ ներդրումների են պատրաստ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, հայտնել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Թիմուր Ուրազաևը նշել է, որ բազմաթիվ ղազախ գործարարներ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո հետաքրքրված են ներդրումների իրականացմամբ: Այդ համատեքստում Լենա Նազարյանը վստահեցրել է, որ մեր երկրում այժմ ստեղծված են նպաստավոր պայմաններ օտարերկրյա ներդրողների համար:

Դեսպանն անդրադարձել է երկկողմ փոխգործակցության օրակարգի խնդիրներին, տարբեր ինտեգրացիոն ուղղություններում գործակցությանը: Դեսպանը կարևորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը, ինչը կարող է օգտագործվել ի շահ երկու երկրի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ համայնքի խնդիրների ու գործունեության, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման վերաբերյալ: