13 մարտի 2019 - 12:03 AMT
Լայչակ. Բանակցություններում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլորի համար

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Մենք Բավարար ժամանակ ենք հատկացնելու այս խնդիրների քննարկման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցությունների շարունակության վերաբերյալ համապատասխան ձևաչափում», - ասել է Լայչակը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Լայչակի հետ հանդիպամանն ինքը վերահաստատել է, որ Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը Հայաստանի համար եղել և մնում են բացարձակ գերակայություններ։

«Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը», - ասել է Մնացականյանը։

Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող սկզբունքներին՝ ասելով, որ դրանք պարզաբանման կարիք ունեն:

«Իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքը և 6 տարրը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը», - ասել է Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «ՀՀ վարչապետ. ԼՂ-ն հակամարտության կողմ դարձնելը եղել և մնալու է քննարկումների կարևորագույն կետերից»: