13 մարտի 2019 - 13:38 AMT
Օպերայի հարակից սրճարաններն ապամոնտաժում են. Իրավիճակը լարված է

Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանները, այս պահին ապամոնտաժում են Ատլանտիկ սրճարանի մի մասը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Իրավիճակը լարված է։ Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները պահանջում են, որ օպերայի տարածք գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում են քաղաքապետարանի աշխատակիցները։ Տեղում է նաև Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։

Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ։

«Շոկոլադնիցա» սրճարանի սեփականատերը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ է մնում ընդհանուր առմամբ 300 մարդ, իսկ կոնկրետ իրենց սրճարանն ունի 60 աշախակից, հայտնում է Aysor.am-ը:

Օպերայի հարակից տարածքում գործող և այս պահին ապամոնտաժվող «Ատմոսֆերա» սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը պատկան մամիններից պահանջում է թույլ տալ աշխատել գոնե մինչև նոյեմբեր ամիս։ Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրենց սրճարանն ամենահեղափոխականն է եղել, հեղափոխության օրերին «Ատմոսֆերայում» եղել են ներկա իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ծննդյան օրը նշել է հենց իրենց սրճարանում։

Նույն սրճարանի աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ ավելի քան 7 տարի աշխատում է այդտեղ, սակայն հիմա այլևս գործազուրկ է, իր հետ՝ ևս 45 հոգի։

Ընթերցեք նաև.Օպերայի այգին մասնակի կվերականգնվի սրճարանների հաշվին. Ֆոտո