13 մարտի 2019 - 18:45 AMT
382.4 մլն դրամի տուգանք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին. Արտանետումները լցվել են գյուղերը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է, որ կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի հարակից Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի 18.5 հեկտար հողամասերը ծածկել են պոչանքներով։

Տեսչական մարմնի լրատվական ծառայության փոխանցմամբ, արտահոսք է արձանագրվել նաև կոմբինատին պատկանող խողովակներից։ Իսկ վթարային իրավիճակների համար նախատեսված ավազանները պարզվել է մասնակի են ծառայում իրենց նպատակին:

2018 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարի հետևանքով Ողջի գետի ջրավազան են արտանետվել 1.97 տոննա վտանգավոր նյութեր: 2018 թվականի 3-րդ եռամսյակում ջրային ավազան է արտանետվել 0.29 կգ ցինկ։

Ընկերությունը խախտել է նաև ջրառի պահանջը։ Ջրառն իրականացվում է Ողջի, Գեղի և Սակքար գետերից, որոնց վրա տեղադրված չեն ջրաչափեր։ 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի ապրիլի 20-ն ընկերությունն աշխատել է նաև առանց մթնոլորտային արտանետումների չափման։

Տեսչական մարմինը բացահայտել է, որ այդ ժամանակահատվածում մթնոլորտ է արտանետվել փոշի՝ 1754.92 տոննա, ածխածնի օքսիդ՝ 435.78 տոննա, ազոտի օքսիդ՝ 325.26 տոննա, բենզապիրեն՝ 0.002188 տոննա, ածխաջրածիններ՝ 56.739 տոննա, մանգանի օքսիդներ՝ 0.0046 տոննա, մուր՝ 12.709 տոննա, ծծմբական թթվի գոլորշիներ՝ 0.1725 տոննա և ծծմբի անհիդրիդ՝ 24.57 տոննա:

Ընկերության տարածքում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նաև քարաջարդման աղաց, փայտամշակման արտադրամաս և բետոնի պատրաստման հանգույց, որոնց աշխատանքի արդյունքում մթնոլորտ է արտանետվել 159.97 տոննա փոշի: Ստուգմամբ բացահայտվել է նաև, որ ընկերությունն աշխատել է առաջանց հանքավայրի պաշարների վերագնահատման ու հաշվառման։ Վերջին անգամ դրանք հաշվառվել են 2006 թվականին։

2017 թվականին հանքավայրի հաշվեկշռային պաշարներից փաստացի մարվել է 27.2 մլն տոննա հանքաքար, մինչդեռ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված է տարեկան 22,0 մլն տոննա։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 382.4 մլն դրամի վնաս և ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։ Բացի այդ ընկերության 3 պատասխանատու պաշտոնատար անձիք ենթարկվել են ընդհանուր 550,000 ՀՀ դրամի վարչական տուգանքի։