Լաս Վեգասում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն արծաթե մեդալակիր է դարձել 76 կգ քաշային կարգում։
Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը, որի երկամարտի արդյունքն էր 225 կգ (96+129)։ Երրորդ տեղը գրավել է էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հայաստանի թիմը Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը:
Ծանրորդներն ԱՄՆ են մեկնել մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ: