Հայաստանն ակտիվ մասնակցում է խաղաղ կյանքի վերականգնմանը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Երախտապարտ եմ ձեզ Սիրիայիում խաղաղ կյանքի վերականգնմանը մասնակցության համար: Հայաստանն առաջիններից մեկն արձագանքեց մեր կոչին և ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար խնդիրների լուծմանը»,-ասել է Գերասիմովը:
Ինչպես նշել է ՌԴ ԳՇ պետը, ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում: Ընդ որում գործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: