14 մարտի 2019 - 16:17 AMT
Կաթողիկոսը ողջունում է ՀՀ և Վրաստանի ընդլայնվող գործակցությունը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունում է Հայաստանի և Վրաստանի ընդլայնվող գործակցությունը: Այդ մասին նա ասել է մարտի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին սրբությունը կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը:

Կաթողիկոսը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ Հայրապետը նկատել է ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը և այդ գործում իշխանությունների զորակցությունը:

Նա մասնավոր անդրադարձ է կատարել Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վրաց ուղղափառ եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքին:

Նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն է հայտնել Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձել է Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին:

Խոսելով տարածաշրջանում տիրող իրավաճակի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաև անդրադարձ է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են նաև երկու երկրների ու ժողովուրդների կյանքը հուզող խնդիրներ:

Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը մաղթել է, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրյալ տիրոջ աջի հովանու ներքո մշտապես ապրի խաղաղության ու բարօրության մեջ: