14 մարտի 2019 - 17:05 AMT
ՄԻՊ-ն արձանագրել է՝ վարչական բերման ենթարկվածները չեն կատարել ոստիկանի պահանջը

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանություն Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկվածների հարցով. իրականացվում է մշտադիտարկում, հայտնել է ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Օպերայի հարակից տարածքից բերման ենթարկված 19 անձի իրավունքների երաշխավորման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանությունում: Ստացվել է ահազանգ աշխատակազմ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների հետ, ստուգել բերման ենթարկման հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը», - նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ 17 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հետևում է, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս: