14 մարտի 2019 - 17:07 AMT
Մամեդյարով. Փաշինյան-Ալիև հանդիպման ժամկետը համաձայնեցվում է

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամկետները:

«Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը նախապատրաստվում է: Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս պահի դրությամբ համաձայնեցվում են հանդիպման ժամկետները, որի մասին ավելի ուշ կհայտարարվի»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Interfax.ru-ն:

Ըստ նրա, նախապատրաստվում է նաև երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: «Դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստմանը զուգահեռ»,-ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը չի բացառել, որ հանդիպումը հայ պաշտոնակցի հետ կարող է նախորդել բարձր մակարդակի հանդիպմանը: «Ամեն ինչ հնարավոր է: Նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել»,-հավելել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի էր անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխման ՀՀ կառավարության փորձերը:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր.«Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»:

Ընթերցեք նաև. ՀՀ վարչապետ. ԼՂ-ն հակամարտության կողմ դարձնելը եղել և մնալու է քննարկումների կարևորագույն կետերից