14 մարտի 2019 - 17:44 AMT
Միրզոյանը՝ Վրաստանի նախագահին. Բաքվում Ձեր արած որոշ ձևակերպումները մտահոգիչ են

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունից:

ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

«Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում», - ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը:

ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ևս կարևորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին:

Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասին են վերադարձրել անկախությունը և «վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ»:

«Այսօր էլ վերապրում ենք այն, ինչը նկատի ունի երկրի օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Բռնազավթման գոտիներն այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը մի կողմից խափանում է մեր զարգացումը, սակայն միևնույն ժամանակ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք հզորացնել և զարգացնել մեր պետությունները, էկոնոմիկան: Սա փոքր հաջողություն և հաղթանակ չէ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: