14 մարտի 2019 - 18:01 AMT
Ամերիաբանկի համաֆինանսավորմամբ հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարք է կնքվել

Հայաստանյան երեք բանկի համատեղ ֆինանսավորմամբ հանքարդյունաբերության ոլորտում առաջին անգամ իրականացվել է գործարք, որի շրջանակում արտասահմանյան ռազմավարական ներդրողի կողմից ձեռք է բերվել հայկական ընկերություն:

Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը $55 մլն-ով ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը` նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից:

Գործարքն իրականացվել է Ամերիաբանկի նախաձեռնությամբ, հայաստանյան երկու գործընկեր բանկերի հետ համատեղ՝ համախմբելով $40 մլն-ի վարկային ռեսուրս, որից $32 մլն-ն ապահովվել է Ամերիաբանկի կողմից:

«Այս գործարքով հայկական բանկերը միջազգային ֆինանսական հանրությանն ապացուցեցին նման բարդ գործարքներ իրականացնելու, ինչպես նաև տեղական ֆինանսական ռեսուրսները միջազգային գործարքների ֆինանսավորման համար համախմբելու իրենց կարողությունը: Բացի այդ, գործարքը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է միջազգային կապիտալի և ներդրումների համար», – ասել է Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Ուրախ ենք, որ այս գործարքով մենք դարձանք Հայաստանում առաջին խոշոր օտարերկրյա ներդրողը հեղափոխությունից հետո: Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարումը առանցքային դեր ունեն մեր ընկերության մշակույթում, ինչպես նաև ռազմավարության և գործունեության մեջ: Դրանք համահունչ են Հայաստանում գործունեության թափանցիկության ապահովման նոր ձևավորված սկզբունքներին: Հայաստանը մեզ համար բիզնես գործունեություն ծավալելու հիանալի հնարավորություններ է ընձեռում», – նշել է «Չաարաթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արտեմ Վոլինեցը:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):