19 մարտի 2019 - 11:55 AMT
Թուրքիան կրկին զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիան շարունակում է համալրել Սիրիայի հետ սահմանին կուտակած ստորաբաժանումները: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 18-ի երեկոյան Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահագի (նախկին Ալեքսանդրետ) Քըրըքհան շրջանում նկատվել է զինանձնակազմի և զինտեխնիկայի տեղափոխման համար նախատեսված զրահամեքենաների տեղաշարժ:

Նշվում է, որ անվտանգության խիստ միջոցներով ուղեկցված զորաշարժը շարունակվել է Ռեյհանլը շրջանով՝ հասնելով մինչև թուրք-սիրիական սահման, հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիան արդեն տևական ժամանակ է, ինչ ցանկանում է ներխուժել Սիրիայի՝ Եփրատ գետից արևելք ընկած հատված ու ռազմական գործողություններ իրականացնել տեղի քրդական ուժերի (YPG) դեմ, որոնց համարում է ահաբեկչական ուժեր:

Դեռևս 2018-ի վերջին ամիսներին սկսված Թուրքիայի պատրաստությունները հետաձգվեցին Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի հայտարարության ֆոնին: Թուրքիան անորոշ ժամանակով հետաձգած գործողությունը, սակայն, ամեն պահի կարող է իրականացնել՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համապատասխան համաձայնությունները ձեռք բերելու պարագայում: