19 մարտի 2019 - 12:48 AMT
Փաշինյան. $2.7 միլիարդի 89 ներդրումային ծրագիր կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում ներկա պահին 89 ներդրումային ծրագիր կա՝ $2.7 մլրդ ծավալով:

«Այդ ծրագերից 42-ը՝ $774 մլն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

2019-ի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100%-ով:

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30%-ով ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», - ասել է նա:

2019 թվականի փետրվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ 145%-ով աճել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հատկացվող վարկերի ծավալը։

Ընթացիկ տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ այդ աճը կազմել է 131%։ 2018 թվականի նոյեմբերին 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ 2017-ի նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով։