19 մարտի 2019 - 12:57 AMT
Զեյնալյան. Ադրբեջանցի սահմանախախտը ձերբակալվածի կարգավիճակում է

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը ձերբակալվածի կարգավիճակ ունի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Անձը ձերբակալվածի կարգավիճակ ունի. Կա փաստ, անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը և իրականցվում է նախաքննություն», - ասել է Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ադրբեջանցուն վերադարձնելու գործընթաց կա՝ նախարարը պատասխանել է. «Հայաստանի իշխանությունները սահմանադրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկում են, պրոցեսում ներգրավված է նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը։ Կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը ամբողջությամբ։ Եթե նրա արարքում չի լինի քրեորեն հետապնդելի արարք, և անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, բնականաբար, կվերադառնա։ Մենք չգիտենք, գուցե անձը հայցում է քաղաքական ապաստան։ Եթե անձը իր կամքով ցանկանա վերադառնալ, բնականաբար, դա կիրականացվի։ Այսինքն՝ կպահպանվեն նրա իրավունքները՝ առանց որևէ տարբերակիչ հատկանիշի ու խտրականության, անկախ նրա էթնիկ ծագման ու պատկանելության։ Հայաստանում այդ իրավունքը երաշխավորված է»։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, որը դեռ հիվանդանոցում է։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին այցի պահին տեղում են եղել փաստաբանը և քննիչը, ովքեր այդ պահին իրականացրել են Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ: Նրանց հետ Պաշտպանը քննարկել է Իբրահիմովի իրավունքներին առնչվող հարցեր:

Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: