1 օգոստոսի 2008 - 16:04 AMT
Բաքու. Քանի դեռ չի փլուզվել այժմյան Ռուսաստանն իր կայսերական նկրտումներով, առաջընթաց ղարաբաղյան կարգավորման մեջ չի լինի
«Չարժե դրական արդյունքներ կամ առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ այսօրվա մոսկովյան հանդիպումից»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

«Բազմամյա փորձն արդեն ցույց է տվել, որ նման հանդիպումները չեն հանգեցրել դիրքորոշումների մերձեցմանն, իսկ առավել եւս հակամարտության կարգավորմանը: Բանը նրանում է, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ եւ այն, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կանցնի Մոսկվայում, բանակցային գործընթացում դրական դերի իմիտացիայի փորձ է Կրեմլի կողմից»,-նշել է նա:

«Ես մեկ անգամ եւս կրկնում եմ, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի ձեռքերով գրավել ադրբեջանական տարածքների 20 տոկոսը, իսկ այժմ փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որի համար էլ մշտապես անց են կացվում այս բանակցությունները ադրբեջանցի եւ հայ նախարարների մասնակցությամբ: Քանի դեռ չի փլուզվել այժմյան Ռուսաստանն իր կայսերական նկրտումներով, առաջընթաց ղարաբաղյան կամ ԱՊՀ տարածքի այլ հակամարտությունների կարգավորման մեջ չի լինի»,-ասել է Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը:

Նշենք, որ այսօր Մոսկվայում անցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: