19 մարտի 2019 - 16:01 AMT
ՀՀ բանկերի միություն. 2019-ին թե վարկավորման, թե ավանդների աճի բարձր տեմպեր են լինելու

Հայաստանի բանկերի միության նախագահ, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը հայտարարել է, որ 2019 թվականին թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան 2018-ին էր:

Նա հայտնել է, որ 2018 թվականին վարկային ներդրումները 2017 թվականի համեմատ աճել են 392 մլրդ դրամով կամ 13.7%-ով:

«Հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 263.3 մլրդ դրամ (22%), գյուղատնտեսության վարկավորումը՝ 169.4 մլրդ դրամ (5.7%), արդյունաբերությանը՝ 540.3 մլրդ դրամ (9.4%), տրանսպորտ և կապինը՝ 114 մլրդ դրամ (46.2%), առևտրինը՝ 565.1 մլրդ դրամ (13%), ծառայություններինը՝ 225.1 մլրդ դրամ (31.2%), սպառողական վարկերի ծավալը կազմել է 789.1 մլրդ դրամ (36%)», - հայտնել է նա:

2018 թվականին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերը՝ 155 մլրդ դրամով կամ 8.1%-ով:

Հանեսյանը նշել է, որ այս ցուցանիշները վկայում են, որ բանկային համակարգը մեծ ներուժ ունի և պատրաստ է ֆինանսավորել բիզնեսը, այդ թվում՝ որոնք ուղղված կլինեն արտահանմանը:

«Այս տարի թե վարկավորման, թե ավանդների ծավալների աճի ավելի բարձր տեմպեր են լինելու, քան անցած տարի: Իսկ նախորդ տարին շատ տպավորիչ ցուցանիշներ ենք ունեցել։ Բանկային համակարգը պատրաստ է ֆինանսավորել կայուն ու հեռանկարային բիզնեսները, որոնք նաև ուղղված կլինեն արտահանմանը»,- ասել է Հանեսյանը։

Նա նաև հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը ՀՀ բանկերի նկատմամբ ավելացել է:

«Մենք՝ բանկերս, հնարավորություն ենք ունեցել ավելի շատ միջոցներ ներգրավել հետագա վարկավորումն իրականացնելու նպատակով»,- նշել է Հանեսյանը:

Ընթերցեք նաև՝ «2008-ից Ամերիաբանկը $4.5 մլրդ-ով վարկավորել է ՀՀ տնտեսությունը»: