19 մարտի 2019 - 17:05 AMT
ՅՈւՆԵՍԿՕ. Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է խմելու ջրից

Ամբողջ աշխարհում 2,1 մլրդ մարդ մշտական հասանելիություն չունի մաքուր խմելու ջրին: Այդ մասին ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցում, որը հրապարակվել է մարտի 19-ին Ժնևում:

Դեռևս 4,3 մլրդ մարդ զրկված է համապատասխան սանտեխնիկական սարքավորումներից: Ընդ որում հատկապես ծանր վիճակում են աղքատության մեջ ապրող մարդիկ՝ փախստականները, հետնախորշերի բնակիչները, ասվում է փաստաթղթում, հայտնում է Deutsche Welle-ն:

«Անվնաս ջրի և համապատասխան սանտեխնիկական սարքավորումներին հասու լինելը մարդու իրավունք է: Սակայն 2 մլրդ մարդու այդ իրավունքն իրացված չէ»,-ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ին կից գերմանական հանձնաժողովի անդամ Ուլա Բուրկհարթը: Ըստ նրա, ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է մաքուր խմելու ջրից, իսկ 844 միլիոնը ստիպված է ամեն օր առնվազն կես ժամ ծախսել ջուր հավաքելու համար:

Նույնիսկ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում մոտ 57 մլն մարդ ջրամատակարարում չունի տանը, իսկ 36 մլն-ն նույնիսկ բազային սանտեխնիկա չունի, ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը: Նման ծանր կացության մեջ են նաև Կանադայի հնդկացիական ցեղերը՝ 40 տոկոսին միայն անորակ ջուր է հասանելի, առողջության համար իր բացասական հետևանքներով: