20 մարտի 2019 - 13:21 AMT
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում ԼՂ հարցում զիջումներից չեն խոսել

ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է ընթացիկ հարցերի՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ, ըստ որոշ տեղեկատվության, խոսվել է ԼՂ հակամարտության լուծման մասին հայկական կողմի զիջումների միջոցով:

Նա նշել է, որ պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ է քննարկվել ՀՀ ու ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը:

«Այն բովանդակությունը, որը ներկայացրեցին որոշ լրատվամիջոցներ՝ վկայակոչելով իրենց աղբյուրները, պարզապես իրականությանը չի համապատասխանում: Սա թերևս լավագույն գնահատականն է «մեր աղբյուրներով» լրատվության արժանահավատությանը: Հեռախսոազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել ընթացիկ հարցերին՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ», - ասել է Աննա Նաղդալյանը:

Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: