21 մարտի 2019 - 11:33 AMT
«Սա հնարավո՞ր է 21-րդ դարում». Վարչապետին բարկացրեց «Արմաթի» աշխատավարձերի ուշացումը

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընթերցել է «Արմաթ» լաբորատորիաների մոտ 260 խմբակավարի նամակը, որոնք արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել:

«Հնարավո՞ր է արդյոք այսպիսի բան 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանում տալ», - հարցրել է վարչապետը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ նախկինում լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհով, ընթացիկ տարվանից ֆինանսավորման ձևը փոխվել է մրցույթայինի:

«Արմաթ» լաբորատորիաների ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկություն են հայտնել, այս տարվա փետրվարին դրա հետ կապված նախագիծ ենք պատրաստել և քննարկել ենք այն ֆինանսների նախարարության հետ: Այն նախատեսում ենք քննարկել ու ընդունել վաղը», - ասել է Հարությունյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելել է, որ խոսքը պետական համակարգում աշխատողների մասին չէ, այլ պետության համար ծառայության դիմաց վարձատրվող կազմակերպության:

Ի պատասխան, Փաշինյանն ասել է, որ ծառայությունը փաստացի մատուցվել է, սակայն մարդիկ չեն վարձատրվել դրա դիմաց:

«Սա աննորմալ երևույթ է, ընդհանրապես ինչպե՞ս է այսպիսի բան հնարավոր դարձել: Ինչո՞ւ ֆինանսավորման մրցույթը չի եղել: Երեք ամիս է անցել, պետք էր ժամանակին որոշումը կայացնել և ընթացք տալ, ամեն ինչ վերջին րոպեին անելու սովորությունից էլ պետք է հրաժարվել: Պետք է հստակ պլանավորել առաջիկա ամիսների անելիքը, ոչ թե վարչապետը նամակ ստանա, որ հետո ասեք՝ բերեք սեղանի դարակի տակից էն նախագիծը, որ նիստում քննարկենք, ընդունենք», - բարկացել է վարչապետը:

Նա նախազգուշացրել է՝ որևէ այլ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք չկրկնվի: