21 մարտի 2019 - 13:40 AMT
Արցախի ԱԺ-ի կոչը՝ զերծ մնալ պետականության ավանդույթները նսեմացնող քայլերից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը:

1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի, ճանաչումն ու դերի բարձրացումը: Այս համատեքստում գրանցած հաջողությունները իրականություն են դարձել հայակենտրոն մտածողության և Արցախ-Հայաստան-Սփյուռք միաբանված ջանքերի շնորհիվ»:

Նշվում է, որ պետական շինարարության գործընթացում նշանակալի ձեռքբերումներից է երկու հայկական հանրապետությունների ինտեգրման բարձր աստիճանը, որն ամուր հիմք է՝ դիմագրավելու առկա մարտահրավերները և առաջ մղելու համահայկական շահերը: Պետականաշինության այս փուլում արհեստական գործընթացներ նախաձեռնելը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնելը անպատասխանատու և անհարկի շահարկումներ են:

«Որպես Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժեր՝ պնդում ենք, որ Արցախի ներկայիս կարգավիճակը և ժողովրդավարական ուղով զարգանալու մեր ժողովրդի ընտրությունը լավագույնս արտահայտում է հեռանկարում միասնական հայկական պետություն ունենալու վճռականությունը:

Կոչ ենք անում քաղաքական հավակնություններ ունեցող խմբերին ու գործիչներին զերծ մնալ պետականության ավանդույթները և արժեհամակարգը նսեմացնող հայտարարություններից ու քայլերից»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ Արցախի ԿԿ-ն:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը խիստ քննադել էին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ներքո: