2 օգոստոսի 2008 - 16:29 AMT
Հայաստանի դիվանագատական ներկայացուցչությունների կարեւոր խնդիրներից է արտերկրում քաղաքացիների շահերի պաշտպանությունը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 31-ին այցելեց ՌԴում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին, ուր հանդիպեց ընդունելության եկած Հայաստանի քաղաքացիներին, ծանոթացավ նրանց խնդիրներին, հյուպատոսական բաժնի աշխատանքներին եւ այցելուների սպասարկման կազմակերպման հարցերին:

Է. Նալբանդյանը, աշխատանքային խորհրդակցություն ունեցավ դեսպանության աշխատակիցների հետ: Ամփոփելով քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հնչած նկատառումները` նախարարն ընդգծեց, որ Հայաստանի դիվանագատական ներկայացուցչությունների կարեւոր խնդիրներից է արտերկրում քաղաքացիների շահերի պաշտպանությունը, իսկ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հարցերի արդարացի, արագ եւ օրենքի շրջանակներում լուծումը, քաղաքացիների նկատմամբ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքը հյուպատոսական բաժինների բոլոր աշխատակիցների անմիջական պարտականությունն են:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հյուպատոսական բաժնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման, քաղաքացիների ընդունելության պայմանների բարելավման եւ սպասարկման որակի բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: