21 մարտի 2019 - 17:23 AMT
Շարմազանովն առաջարկում է Փաշինյանի պատվին վերանվանել ՀՀ-ն ու տեղանունները

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է «ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը»՝ անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշմանը:

«Ոչ ավել ոչ պակաս,Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր: Ինչի՞ եք այդքան «համեստ», պարոնա՛յք: Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան:

Իսկ եթե ավելի լուրջ՝ նշեմ.սա Փաշինյակի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների:

Բա մեկը չկա՞ ասի՝ գրեթե մեկ տարվա ընթացքում Նիկոլի իշխանությունը ինչ լավ բան է արել նույն քաղաքացիների համար՝ թոշակնե՞րն է բարձրացրել, աշխատատեղե՞ր է ստեղծել, ներդրումնե՞ր է բերել,կարմիր գծե՞րն է վերացրել,գյուղատնտեսությո՞ւնն է սուբսիդավորել: Ի՞նչ է արել՝ ոչինչ»,-ասվում է Շարմազանովի գրառման մեջ:

Իսկ Փաշինյանի շուրջ հավաքված պատմաբան պաշտոնյաներին Շարմազանովն առաջարկում է «իրենց շեֆին ծանոթացնել ֆրանսիական Յակոբինյանների տխրահռչակ փորձի հետ, որոնք ամբողջությամբ փոխել էին օրացույցը՝ վերանվանելով օրերն ու ամիսները»:

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում:

2018-ի ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, վարչապետի պաշտոնում ԱԺ կողմից ընտրված Սերժ Սարգսյանը, ինչը վերածվեց զանգվածային տոնախմբության: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը ևս տոնախմբության առիթ դարձավ: