2 օգոստոսի 2008 - 17:07 AMT
Արա Պապյան. Ժամանակակից Վրաստանը որեւէ իրավունք չունի Ջավախքի նկատմամբ
Ժամանակակից Վրաստանը որեւէ իրավունք չունի Ջավախքի նկատմամբ, քանի որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1918 թվականի պատերազմից հետո որեւէ պայմանագիր չի կնքվել պետական սահմանի վերաբերյալ: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Modus Vivendi» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը: Նա նշել է, որ Հարավային Կովկասի սահմանների հարցը, ինչպես նաեւ հայ-թուրքական սահմանի հարցը պետք է կարգավորվեն ԱՄՆ նա֊խագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, November 22, 1920) եւ Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների` Ֆրանսիայի, Բրիտանական կայսրության, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների 24 փետրվարի, 1920թ.-ով թվագրված եւ վերնագրված է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» (Report and Proposals of the Commission for the Delimitation of the Boundaries of Armenia, 24 February 1924) հիման վրա:

Արա Պապյանի խոսքերով, ԽՄԿԿ ԿԿ-ի որոշումը Ջավախքի եւ Ղարաբաղի մասին չպետք է դառնա հիմք Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման համար: Նա նաեւ նշել է, որ հետխորհրդային Վրաստանի բոլոր ղեկավարներն ու կառավարությունները միանշանակ բացասական գնահատականեր են տվել Վրաստանում կոմունիստական տիրապետության ժամանակաշրջանին (1921-1991թթ.), մերժել են այն, իրավացիորեն այդ ժամանակաշրջանը համարել օտարերկրյա ռազմական ուժի կողմից վրաց ժողովրդի պետականազրկման, երկրի ապօրենի բռնազավթման, ապա եւ բռնակցման տարիներ: «Եթե որեւէ մեկը այսօր կփորձի կացկածի տակ դնել Փարիզի վեհաժողովի որոշումները Հայաստանի մասով, ուրեմն նա կասկածի տակ կդնի այսօրվա Եվրոպայի եւ Միջին արեւելքի ողջ քաղաքական եւ իրավական համակարգը»,- նկատել է նա: Ինչպես նշել է Պապյանը,Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի սահմանների վերաբերյալ համապատասխան զեկույց է ընդունել Հայաստանի սահմանները որոշող Փարիզի կոնֆերանսի հատուկ հանձնաժողովը: Այն մասնավորապես արձանագրում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության եւ Վրաստանի, ինչ֊պես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահ֊մանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայ֊նության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհան֊գեն պայմանագրերի մեջ»: «Ջավախքը բռնի ձեւով է կցվել Վրաստանին, իսկ հանցագործությունը իրավունք չի ծնում»,- նշել է Արա Պապյանը:

Հայ-վրացական պատերազմը Ջավախքի պատկանելության պատճառով սկսկվել է 1918 թվականի դեկտեմբերի 5-ին: Սակայն Մեծ Բրիտանիայի միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են 1918 թվականին դեկտեմբերի 31-ին: 1919 թվականի հունվարին Թիֆլիսում անցած կոնֆերանսին համաձայնության եկան, ըստ որի մինչեւ Անտանտի Գերագույն խորհրդի որոշումը Վրաստանի եւ Հայաստանի սահմանների հարցի մասին Բորչալինի հյուսիսային հատվածը հանձնվում էր Վրաստանին, հարավայինը` Հայաստանին, իսկ միջինը հռչակվել էր «չեզոք գոտի» (Լոռի եւ Զանգեզուր) եւ անցնում էր անգլիացի գեներալ-նահանգապետի վերահսկողությանը: Հայաստանում եւ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո, նորից հարց է բարձրացվել Ջավախքի պատկանելության մասին: Տարածաշրջանի, եւ առաջին հերթին Ախալքալաքի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ էր տարածաշրջանի կցմանը Խորհրդային Հայաստանին: Արդյունքում Լոռին հանձնվել է Հայաստանին, իսկ Ջավախքը Խորհրդային Վրաստանին: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Փարիզի կոնֆերանսի շրջանակներում, որը որոշել է հետպատերազմյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի ճակատագիրը, Սեւրում օգոստոսի 10-ին կնքվել է խաղաղ պայմանագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ըստ որի Հայաստանը համաձայնվում էր ենթարկվել ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնին ինչպես Թուրքիայի, այնպես էլ Վրաստանի եւ Ադբեջանի հետ իր սահմանների որոշման իրավարար վճռի հարցով: ԱՄՆ նախագահի որոշման համաձայն, Հայաստանը պետք է ստանար Անդրկովկասի հայաբնակ տարածքները, ինչը կկազմեր 110 հազար ք. կմ: