22 մարտի 2019 - 11:51 AMT
Սիրիան մտադիր է վերադարձնել Գոլանի բարձունքները

Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության մասին, իսկ ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցում համարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի աղաղակող ոտնահարում: Սիրիան մտադիր է ամեն գնով վերադարձնել Գոլանի բարձունքները: Այդ մասին ասվում է Սիրիայի կառավարության հայտարարության մեջ:

«Գոլանի բարձունքները շարունակում են մնալ արաբական և սիրիական տարածք, անկախ Իսրայելի կողմից գրավված տարածքների մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններից»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Մարտի 21-ին Թրամփը հակասական հայտարարություն է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ այդ տարածքը կարևոր է ինչպես Իսրայելի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի կայունության համար:

Ենթադրվում է, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի ԱՄՆ այցի ժամանակ ԱՄՆ-ն պաշտոնապաես կհայտարարի, որ ճանաչում է Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք:

Գոլանի բարձունքները 1944-ից պատկանում էին Սիրիային, սակայն 1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել են Իսրայելի վերահսկողության տակ։ 1973-ին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981-ին Իսրայելը դարձյալ գրավել է բարձունքները: Եվ Իսրայելը, և Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մի մասը։