22 մարտի 2019 - 14:14 AMT
Կարեն Տուզի և Էգոյի համերգն Արամ Խաչատրյան համերգասրահում չի կայանա

Մարտի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտակայքում հայտվեց պաստառ, ըստ որի Արամ Խաչատրյան համերգասրահում ապրիլի 19-ին տեղի է ունենալու ռեփերներ Կարեն Տուզի և «ЭGO»-ի համերգը:

Պաստառը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, սոցցանցերի օգտատերերը բողոքում էին համերգի ձևաչափի և արտիստների «անհամապատասխանությունից» Արամ Խաչատրյան համերգասրահին:

Ինչպես PanARMENIAN.Net -ին հայտնեց համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, համերգը չի կայանալու:

«Պաստառը երեկ է փակցվել, այսօր արդեն հանվել է: Համերգը չի կայանալու: Մենք չունենք այդ արտիստների հետ որևէ պայմանագիր», - նշեց Սիրունյանը՝ հավելելով՝ որ պաստառն առանց համերգասրահի համաձայնության է փակցվել:

Մինչ այդ զանգահարեցինք համերգասրահի տոմսարկղ, որի աշխատակցուհին հայտնեց, որ նշված համերգի «տոմսերը դեռ չկան, ինչ-որ անհայտ համերգ է, ռուսական ռոք թե փոփ խումբ է, կամ նման մի բան»:

Հատկանշական է, որ ո՛չ արտիստների ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում, ո՛չ կազմակերպիչ ընկերության էջում հայաստանյան համերգի մասին որևէ տեղեկատվություն չկար: