22 մարտի 2019 - 18:06 AMT
ԱԺ-ում ասում են՝ մաքրուհիներն աշխատում են օրը 2 ժամ՝ ամիսը 89,950 դրամ աշխատավարձով

Ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանում աշխատող մաքրուհիների խնդրի հետ կապված պարզաբանում է ներկայացրել:

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ԱԺ նախկին աշխատակազմի ու «Քլիներս» ՍՊԸ-ի կողմից կնքվել է պայմանագիր, ըստ որի` Կատարող ընկերությունը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը:

Ազգային ժողովում աշխատում է 63 մաքրուհի, որից 40-ը`օրական 2 ժամ՝ 07:00-ից 09։00-ն՝ ստանալով 89,950 դրամ աշխատավարձ: 23 մաքրուհի՝ 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով:

Մաքրուհիների ներկայիս պայմանագրերը լրանում է սույն թվականի մարտի 31-ին, որի մասին նրանք փետրվարի 19-ին պատշաճ ծանուցվել են, ինչպես նաև մասնավոր կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

«Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի և գործուղել Ազգային ժողով` ամսական դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ:

Հաշվի առնելով, որ մաքրուհիների մեծ մասն աշխատում է օրական 2-3 ժամ` նշյալ ընկերությունը նրանց Ազգային ժողով կգործուղի կես դրույք աշխատավարձով։ Վերոնշյալ կազմակերպությունը` ԱԺ աշխատակազմի հետ համաձայնեցված, առաջարկում է օրվա մնացած ժամերին մաքրուհիներին ապահովել աշխատանքով այլ ընկերություններում, որի հետևանքով նրանց ամսական աշխատավարձը կարող է կազմել ավելին, քան այժմ է:

«Քլիներս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն Ազգային Ժողովի աշխատակազմը համարում է ավելի օպտիմալ տարբերակ թե պետական բյուջեի ծախսերի կրճատման, թե կառավարչական ռեսուրսի խնայման առումով։