4 օգոստոսի 2008 - 15:26 AMT
Արեւմուտքը սպառնում է Ադրբեջանին «նարնջագույն» սցենարով
Կայունությունը, որը երկար տարիներ պահպանեց Ադրբեջանում Ալիեւը, Ամերիկային այլեւս հարկավոր չէ: Այդ մասին գրում է ռուսական ՌԲԿ daily թերթը: «Հոկտեմբերի 15-ին կայանալիք քվեարկության առաջատարն անկասկած Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւն է: Մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են, թե բոյկոտելու են նախագահական ընտրությունները` արդեն հրաժարվել են Ադրբեջանի կոմկուսն ու «Ազադլիգ» դաշինքը: Եթե ընտրությունները որոշի բոյկոտել նաեւ Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցությունը, հնարավոր կլինի խոսել հանրապետությունում լուրջ քաղաքական ճգնաժամի մասին: Ալիեւը, որ տարիներ շարունակ ապահովում էր Ադրբեջանի արեւմտամետ քաղաքական կուրսը, դադարեց գոհացնել Արեւմուտքին, առաջին հերթին ԱՄՆ-ին: Իրանի վերաձեւման համար մեծ պատերազմի շեմին ամերիկացիներին ոչ թե կայունություն է պետք, այլ Ադրբեջանում իրավիճակի ապակայունացում»,-ասվում է հոդվածում:

Ի.Ալիեւի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար առաջադրվեց շաբաթ օրը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից: Մոսկվայի պետհամալսարանի Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Վլասովի խոսքերով, Բաքվում լրջորեն քննարկվում է Ալիեւին նախագահական լիազորություններվ օժտելու հնարավորությունը: «Լիազորությունների երկարացման մասին հանրաքվեի նախագիծը Ղազախստանում անցկացվածի նմանությամբ արդեն պատրաստ է»,-գտնում է Վլասովը:

Ըստ վերլուծաբանների, արձագանքը կարող է ավելի բացասական լինի, քան ակնկալում է պաշտոնական Բաքուն: ԱՄՆ Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովը, որ հատուկ նիստ էր նվիրել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին, գրանցել է, որ «վերջին տարիներին քաղաքական ազատությունների մակարդակն Ադրբեջանում նվազել է» եւ կոչ է արել Բաքվին «կամք ցուցաբերել եւ թույլ տալ ընդդիմության մասնակցությունը ընտրություններին»:

«Ալիեւը շատ տարիներ պահպանում էր Ադրբեջանում կայունություն եւ ապահովում էր արեւմտամետ կուրսը, ինչը ստիպում էր ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին աչք փակել Բաքվի ռեժիմի ավտորիտար բնույթի վրա»,-ասում է Ստամբուլի Foreign Policy Institute-ի վերլուծաբան Օքթայ Ասկոյը: Իսկ այժմ, ըստ նրա, «ամերիկացիներին ոչ թե կայունություն է պետք, այլ Ադրբեջանում իրավիճակի ապակայունացում»:

«ԱՄՆ-ն նախապատրաստվում է մեծ պատերազմի Իրանի դեմ, որում կարեւոր դեր պետք է կատարեն Իրանական Ադրբեջանի անջատողական շարժումները: «Մեծ Ադրբեջան» ստեղծելու նախագծերը, որ կներառի Իրանի եւ Թուրքիայի մեջ մտնող տարածքեր, այսօր լրջորեն քննարկվում են»,-ասել է Ասկոյը: «Ալիեւին, որը չի ձգտում նման արկածախնդրության մասնակցել եւ գերադասում է պահպանել ստատուս-կվոն, ցանկացած պահի կարող են սպառնալ «նարնջագույն» սցենարով»,-ասվում է ռուս փորձագետի հոդվածում: